Հրապարակային օֆերտա
Հսկիչ-դրամարկղային մեքենաների սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու մասին
Սույն հրապարակային օֆերտան (այսուհետ՝ Օֆերտա) սահմանում է «ԱՅՊՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Կատարող) կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետ՝ ՀԴՄ) սպասարկման ծառայությունների մատուցման բոլոր էական պայմանները և հանդիսանում է Կատարողի առաջարկը՝ կնքելու ՀԴՄ սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր սույն Օֆերտայի պայմաններն ընդունած անձանց (այսուհետ՝ Պատվիրատու) հետ։
1. Հրապարակային օֆերտայի առարկան
1.1 Սույն Օֆերտայի առարկա է հանդիսանում ՀԴՄ սպասարկման ծառայությունների մատուցումը, որով Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին մատուցել հսկիչ-դրամարկղային մեքենաների սպասարկման ծառայություններ, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել դրա դիմաց։
1.2 Կատարողը մատուցում է Պատվիրատուի կողմից շահագործվող Sunmi մոդելի ՀԴՄ-ի սպասարկման ծառայություններ։
1.3 Կատարողի կողմից ՀԴՄ-ի սպասարկման ծառայությունները բաղկացած են հետևյալ գործառույթներից.
1.3.1 ՀԴՄ-ների ցանցին միացումը, ՀԴՄ-ի աշխատանքի ստուգումը և դրա գործարկումը.
1.3.2 ՀԴՄ-ների միջոցով կատարված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին ցանցային կապի միջոցներով ուղարկումը և պլաստիկ քարտերով հաշվարկների կատարումն ապահովելու համար կապի ապահովումը՝ շարժական կամ ֆիքսված հեռախոսակապի օպերատորի միջոցով.
1.3.3 ՀԴՄ-ների ընթացիկ սպասարկումը.
1.3.4 Խափանված ՀԴՄ-ի փոխարեն Պատվիրատուի պահանջով անհատույց ժամանակավոր տրամադրել սպասարկման կենտրոնին պատկանող մեկ այլ ՀԴՄ՝ մինչև խափանված ՀԴՄ-ի վերանորոգումը կամ այլ ՀԴՄ ձեռքբերումը Պատվիրատուի կողմից, բայց ոչ ավել քան մեկ ամիս ժամանակահատվածով.
1.3.5 Պատվիրատուի կողմից որևէ բանկի հետ կնքված պայմանագրի շրջանակներում ՀԴՄ սարքով վճարային քարտերի միջոցով (չիպային, անհպում և մագնիսական), առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով անկանխիկ դրամական հաշվարկների իրականացման ծառայությունը (այսուհետ՝ POS ծառայություն) ստանալու դեպքում, ապահովել POS ծառայության համար անհրաժեշտ կապի առկայությունը.
1.4 Պատվիրատուի պահանջով Կատարողը կարող է մատուցել իր կողմից սովորաբար մատուցվող ՀԴՄ սպասարկման հետ կապված կամ ՀԴՄ-ի հետ կապված այլ ծառայություններ, որոնք նախատեսված չեն սույն Պայմանագրի 1.2 կետով։ Այդ դեպքում առանց լրացուցիչ պայմանագիր կնքելու սույն Պայմանագրի հիման վրա Պատվիրատուն կարող է պահանջել, իսկ Կատարողը՝ մատուցել այն ծառայությունները, որոնք Կատարողի պաշտոնական կայքում հրապարակված են կամ Կատարողի Պատվիրատուին ուղղված առաջարկի հիման վրա ներկայացված են որպես Կատարողի կողմից այդ պահին մատուցվող ծառայություններ և սահմանված են դրանց գները։
2. Օֆերտայի ակցեպտավորումը և պայմանագրի կնքման կարգը
2.1 Սույն Օֆերտայի ամբողջական և անվերապահ ակցեպտ է համարվում Պատվիրատուի կողմից հետևյալ գործողությունների համակցված կատարումը.
2.1.1 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ) տեղեկատվական համակարգում Sunmi մոդելի ՀԴՄ սարքի ակտիվացման դիմում-հայտի ներկայացումը, և
2.1.2 ՊԵԿ-ի կողմից ՀԴՄ սարքի ակտիվացումից հետո՝ ՀԴՄ սարքի վրա արտացոլվող կարճ հաղորդագրության մեջ նշված հրահանգներին համապատասխան, ակտիվացման փաստի հաստատումը Պատվիրատուի կողմից։
2.2 Սույն Օֆերտայի 2.1 կետով նախատեսված գործողությունների կատարման պահից Օֆերտան համարվում է ակցեպտավորված, իսկ Կողմերի միջև ՀԴՄ սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր)՝ կնքված։
2.3 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրա կնքման պահից և գործում է անժամկետ։ Պայմանագրի կնքման պահ է համարվում ՊԵԿ-ի կողմից ՀԴՄ սարքի ակտիվացումից հետո՝ Պատվիրատուի կողմից ՀԴՄ սարքի վրա արտացոլվող կարճ հաղորդագրության մեջ նշված հրահանգներին համապատասխան, ակտիվացման փաստի հաստատումը (սույն գլխի կանոններով հրապարակային օֆերտայի ակցեպտավորման հիման վրա կնքված պայմանագիրը սույն տեքստում այսուհետ կհիշատակվի որպես Պայմանագիր)։
2.4 Յուրաքանչյուր ՀԴՄ-ի նկատմամբ սպասարկման ծառայությունների մատուցումը սկսվում է ՊԵԿ-ի կողմից ՀԴՄ սարքի ակտիվացումից հետո՝ Պատվիրատուի կողմից ՀԴՄ սարքի վրա արտացոլվող կարճ հաղորդագրության մեջ նշված հրահանգներին համապատասխան, ակտիվացման փաստի հաստատման օրվանից և դադարում է տվյալ ՀԴՄ-ի՝ Պետական եկամուտների կոմիտեում ապաակտիվացման (գրանցումից հանելու) օրվանից։
2.5 Կատարողի և Պատվիրատուի միջև գրավոր ձևով կարող է կնքվել սույն հրապարակային օֆերտայից տարբերվող պայմաններով ՀԴՄ սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր։ Եթե կողմերի միջև գրավոր ձևով այլ պայմանագիր չի կնքվել և սույն հրապարակային օֆերտայի պայմանների համաձայն Պատվիրատուն կատարել է սույն ակցեպտավորմանն ուղղված գործողությունները, այն է՝ Sunmi մոդելի ակտիվացման համար ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգում դիմում-հայտի ներկայացումը և ՀԴՄ սարքի վրա արտացոլվող հաղորդագրության մեջ նշված հրահանգներին համապատասխան ակտիվացման փաստի հաստատումը, ապա կողմերի միջև պայմանագիրը համարվում է կնքված սույն հրապարակային օֆերտայի պայմաններով։
3. Պայմանագրի գինը և վճարման կարգը
3.1 Կատարողի կողմից Ծառայությունների մատուցման դիմաց վճարումը հաշվարկվում է Պատվիրատուի կողմից շահագործվող բոլոր ՀԴՄ-ների սպասարկման գումարի հանրագումարով։
3.2 Կատարողի կողմից Ծառայությունների մատուցման դիմաց Պատվիրատուն պարտավորվում է վճարել ամսական 3600 (երեք հազար վեց հարյուր) դրամ յուրաքանչյուր ՀԴՄ-ի սպասարկման համար՝ ներառյալ ԱԱՀ-ի, որի մեջ ներառված է կապի ծառայության արժեքը։
3.3 Եթե ՀԴՄ-ի սպասարկումը չի կազմել մեկ ամբողջական ամիս, ապա դրա սպասարկման արժեքը հաշվվում է սպասարկման օրերի քանակը հարաբերակցած տվյալ ամսվա բոլոր օրերի քանակի հետ և բազմապատկած Պայմանագրի 3.2 կետով նախատեսված ամսական սակագնի հետ։
3.4 ՀԴՄ-ի վերանորոգման համար անհրաժեշտ պարագաների (պահեստամասերի և այլն) և աշխատանքների ցանկը, ինչպես նաև դրանց արժեքները սահմանում է Կատարողը՝ Պատվիրատուի կողմից ընտրված սակագնային փաթեթի համար այդ պահին իր մոտ գործող գնացուցակին համապատասխան։
3.5 Սույն Պայմանագրի 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5 կետերին համապատասխան վճարման ենթակա գումարները Պատվիրատուի կողմից Կատարողին վճարվում են Կատարողի կողմից հաշիվ-ապրանքագիրը (հարկային հաշիվը) ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկային հաշվում (հաշիվ-ապրանքագրում) նշված Կատարողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։
3.6 Պատվիրատուին պարտքի վերաբերյալ տեղեկատվություն Կատարողը կարող է ուղարկել սույն պայմանագրով նախատեսված ծանուցման եղանակներից որևէ մեկով։
3.7 Կատարողը իրավունք ունի միակողմանի փոխել ծառայությունների մատուցման վճարը՝ սույն Պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով Պատվիրատուին։
4. Պատվիրատուի իրավունքները և պարտականությունները
4.1 Պատվիրատուն իրավունք ունի՝
4.1.1 Կատարողից պահանջել սույն Պայմանագրով սահմանված Ծառայությունների որակյալ և ամբողջական մատուցում.
4.1.2 Կատարողից պահանջել վերացնել Ծառայությունների մատուցման ընթացքում նրա մեղքով առաջացած թերությունները.
4.1.3 Հրաժարվել ՀԴՄ-ի սպասարկման Ծառայություններից՝ այդ մասին մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնելով Կատարողին։
4.2 Պատվիրատուն պարտավոր է՝
4.2.1 Վճարել Կատարողի կողմից մատուցվող Ծառայությունների համար սույն Պայմանագրի 3-րդ կետով սահմանված կարգով,
4.2.2 ՀԴՄ-ն շահագործել արտադրողի կողմից սահմանված տվյալ մոդելի շահագործման կանոնների, ՀՀ օրենսդրությամբ, այդ թվում՝ «Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները, էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառության կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության 3 դեկտեմբերի 2020 թվականի N 1976-Ն որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան (այսուհետ՝ Շահագործման կանոններ),
4.2.3 ՀԴՄ-ն շահագործելիս պահպանել կապարակնիքները,
4.2.4 Բացառել ՀԴՄ-ն քանդելը, դրա ապարատային մաս մուտք գործելը, ՀԴՄ-ի աշխատանքային ծրագրում փոփոխություն կատարելը կամ դրանց փորձը,
4.2.5 ՀԴՄ-ն շահագործումից հանելու դեպքում (Պետական եկամուտների կոմիտեում ՀԴՄ-ի ապաակտիվացումը կամ գրանցումից հանումը) առնվազն 10 աշխատանքային օր առաջ գրավոր տեղեկացնել Կատարողին։ Այս պարտականությունը չկատարելու դեպքում ՀԴՄ-ի սպասարկման դադարեցման մասին ուշ տեղեկանալու և ավել սպասարկման գումար վճարելու ռիսկը կրում է Պատվիրատուն,
4.2.6 ՀԴՄ սարքի վրա POS ծառայություն ակտիվացված լինելու դեպքում, պատշաճ կատարել այդ ծառայության հետ կապված բանկի հետ կնքված պայմանագրի դրույթները,
4.2.7 Սույն պայմանագրով նախատեսված հաղորդակցման եղանակներից որևէ մեկի վերաբերյալ տվյալի փոփոխության դեպքում տեղեկացնել Կատարողին,
4.2.8 Կատարողի կողմից ժամանակավոր օգտագործման համար տրամադրված ՀԴՄ սարքը օգտագործել խնամքով, չիրականացնել որևէ ֆիզիկական միջամտություն սարքին և պահպանել սարքին վիճակում։ Այդ ՀԴՄ սարքը փչացնելու կամ վնասելու դեպքում Պատվիրատուն պարտավորվում է փոխհատուցել Կատարողին այդ ՀԴՄ սարքի արժեքը՝ Կատարողի մոտ տվյալ պահին գործող նոր ՀԴՄ սարքի շուկայական գնով,
4.2.9 Կատարել սույն պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ։
5. Կատարողի իրավունքները և պարտականությունները
5.1 Կատարողն իրավունք ունի՝
5.1.1 Պատվիրատուից պահանջել վճարել մատուցվող Ծառայությունների դիմաց սույն Պայմանագրի 3-րդ կետով սահմանված կարգով.
5.1.2 Պատվիրատուի կողմից սույն Պայմանագրի 3-րդ կետով սահմանված կարգով վճարում չկատարելու դեպքում դադարեցնել Պայմանագրով սահմանված Ծառայությունների մատուցումը, այդ թվում կապի Ծառայությունների համար վճարի փոխանցումը ցանցային կապի օպերատորին.
5.1.3 Պատվիրատուից պահանջել չխոչընդոտել Ծառայությունների մատուցմանը.
5.1.4 Ֆորս-մաժորային հանգամանքների առկայության դեպքում դադարեցնել Ծառայությունների մատուցումը.
5.1.5 ՀԴՄ սարքի վրա POS ծառայություն ակտիվացված լինելու դեպքում, բանկի հետ կնքված պայմանագրով նախատեսված Պատվիրատուի կողմից ծառայության վճարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում, դադարեցնել կամ կասեցնել Պայմանագրով սահմանված Ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ կապի Ծառայությունների համար վճարի փոխանցումը ցանցային կապի օպերատորին մինչև գումարի վճարումը.
5.1.6 Մշակել, հավաքել, ամրագրել, համակարգել, պահպանել, օգտագործել, փոխանցել Ծառայությունների մատուցման ընթացքում ստացված տվյալները, այդ թվում՝ ՀԴՄ-ի միջոցով կատարված գործարքների տվյալները, կատարել տվյալների հետ կապված ցանկացած այլ գործողություն՝ ՀԴՄ-ների սպասարկման ծառայությունների մատուցման, գործառնական խնդիրների լուծման, համապատասխան տվյալների վերլուծության, սույն պայմանագրով մատուցվող ծառայությունների հետ ինչպես կապված, այնպես էլ չկապված ցանկացած նպատակով.
5.1.7 Սույն պայմանագրով նախատեսված իր գործառույթների մի մասը պատվիրակել երրորդ անձանց՝ առանց Պատվիրատուի լրացուցիչ համաձայնության կամ նրան նախապես ծանուցելու.
5.1.8 Ծառայությունները մատուցել ինչպես իր աշխատող հանդիսացող մասնագետների, այնպես էլ ներգրավված այլ մասնագետների կողմից։
5.2 Կատարողը պարտավոր է՝
5.2.1 Սույն Պայմանագրի 1-ին կետով սահմանված Ծառայությունները մատուցել պատշաճ կարգով և որակով.
5.2.2 ՀԴՄ-ն կիրառության մեջ դնելուց առաջ ստուգել դրա աշխատանքը, իրականացնել ՀԴՄ-ների ընթացիկ, այդ թվում՝ ծրագրային սպասարկումը.
5.2.3 Աջակցել Պատվիրատուի ՀԴՄ օգտագործող աշխատակիցներին (ադմինիստրատորներ, գանձապահներ) ՀԴՄ-ի աշխատանքի սկզբունքների և մեթոդների ուսուցման հարցում.
5.2.4 Ապահովել ցանցային կապին վերաբերող՝ հարկային մարմնի տեղեկատվական համակարգի և պրոցեսինգային կենտրոնի գործառույթներ իրականացնող կազմակերպությունների, այդ թվում՝ «ԱրՔա» համակարգի հետ աշխատանքի համար անհրաժեշտ տվյալների (SIM քարտի համար, ֆիքսված հեռախոսահամար, IP հասցե և այլն) հարկային մարմին և «ԱրՔա» համակարգին տրամադրումը.
5.2.5 ՀԴՄ-ի անսարքությունը վերացնելուց հետո Կատարողի մեղքով առաջացած թերությունները ողջամիտ ժամկետում վերացնել Կատարողի հաշվին՝ առանց լրացուցիչ վարձավճարի.
5.2.6 ՀԴՄ-ի նորոգման աշխատանքների ժամանակահատվածի համար Պատվիրատուի դիմելու դեպքում ժամանակավորապես Պատվիրատուին անհատույց տրամադրել ՀԴՄ, բայց ոչ ավել քան մեկ ամիս ժամկետով.
5.2.7 Մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը Պատվիրատուին ներկայացնել մատուցած Ծառայությունների հաշիվ-ապրանքագիրը (հարկային հաշիվ)։
5.2.8 ՀԴՄ սարքի վրա POS ծառայություն ակտիվացված լինելու դեպքում, ապահովել անհրաժեշտ կապ POS ծառայությունների իրականացման համար։
6. Կողմերի պատասխանատվությունը
6.1 Կողմերը սույն Պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար։
6.2 Եթե օրենսդրության փոփոխության արդյունքում մատուցված Ծառայությունները չեն համապատասխանում դրանց փոփոխված տարբերակին, ապա Կատարողը պատասխանատվություն չի կրում, եթե օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ են մտել Ծառայությունները մատուցելուց հետո։
6.3 ՀԴՄ-ների անսարքությունները և աշխատանքի խափանումները, որոնք առաջացել են Շահագործման կանոնները Պատվիրատուի կողմից խախտելու դեպքում, կարող են վերացվել Կատարողի կողմից Պատվիրատուի հաշվին։
6.4 Եթե Պատվիրատուն ուշացնում է սույն Պայմանագրով սահմանված կարգով վճարումներ կատարելը, ապա Ծառայությունների մատուցումը կասեցվում է մինչև գումարի վճարումը, իսկ վճարումը կատարելուց հետո Ծառայությունների մատուցումը վերսկսվում է։ Ընդ որում՝ կասեցումից հետո առանց որևէ լրացուցիչ վճարի միայն ձևավորված պարտքը վճարելով ծառայությունը վերսկսելը կատարվում է այն դեպքում, երբ պարտքը մարվել է ծառայությունը կասեցվելուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Այն դեպքում, երբ կասեցվելու պահից մեկ ամիս անց Պատվիրատուն ցանկանում է վերականգնել ծառայությունները, ապա ձևավորված պարտքի հետ միասին Պատվիրատուն պարտավոր է վճարել նաև ծառայությունների վերականգնման վճար՝ հաշվարկված կասեցման պահից մինչև վերականգնման պահը։
6.5 ՀԴՄ սարքի վրա POS ծառայություն ակտիվացված լինելու դեպքում, բանկի հետ կնքված պայմանագրով նախատեսված Պատվիրատուի կողմից ծառայության վճարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում, Կատարողը դադարեցնում կամ կասեցնում է Պայմանագրով սահմանված Ծառայությունների մատուցումը, իսկ վճարումը կատարելուց հետո բանկից այդ մասին տեղեկություն ստանալուց հետո Ծառայությունների մատուցումը վերսկսվում է։ Ընդ որում՝ սույն կետի կիրառման համար բավարար է Բանկի գրավոր տեղեկատվության փոխանցումը պայմանագրով նախատեսված վճարումը ժամանակին չկատարելու, իսկ վերսկսելու դեպքում՝ արդեն գումարը վճարված լինելու մասին։
7. Ֆորս մաժոր
7.1 Կողմերն ազատվում են պատասխանատվությունից սույն Պայմանագրի պարտավորությունների մասնակի կամ ոչ լրիվ կատարման համար, եթե այդ չկատարումը հանդիսացել է անհաղթահարելի ուժի հետևանք, որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Նշված հանգամանքների առաջացման դեպքում յուրաքանչյուր Կողմ պետք է անմիջապես դրանց մասին գրավոր ձևով տեղեկացնի մյուս Կողմին։ Նշված հանգամանքների առաջացման դեպքում սույն Պայմանագրով Կողմի պարտավորությունների կատարման ժամկետը հետաձգվում է այն ժամանակին համաչափ, որի ընթացքում գործում են այդ հանգամանքները և դրանց հետևանքները։
7.2 Եթե 7.1 կետում թվարկված հանգամանքները և դրանց հետևանքները շարունակում են գործել երեք ամսից ավելի, Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի այդ մասին 5 օր առաջ տեղեկացնելով մյուս Կողմին՝ լուծել սույն Պայմանագիրը։
8. Պայմանագրի լուծումը
8.1 Սույն Պայմանագիրը կարող է յուրաքանչյուր ժամանակ լուծվել Կողմերի համաձայնությամբ, բացառությամբ սույն պայմանագրով նախատեսված դեպքերի։
8.2 Պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծել սույն պայմանագիրը՝ այդ մասին մեկ ամիս առաջ Կատարողին ծանուցելու և Կատարողի փաստացի կատարած ծախսերը վճարելու դեպքում։
8.3 Կատարողն իրավունք ունի միակողմանիորեն լուծել սույն պայմանագիրը՝ այդ մասին Պատվիրատուին ծանուցելու դեպքում։
9. Վեճերի լուծումը
9.1 Կողմերի հարաբերությունների նկատմամբ կիրառվում է ՀՀ իրավունքը։
9.2 Վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
10. Այլ դրույթներ
10.1 Սույն Պայմանագրի դրույթները կարող են փոփոխվել Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ, բացառությամբ սույն Պայմանագրով նախատեսված միակողմանի փոփոխման ընթացակարգի։
10.2 Սույն Պայմանագրի դրույթները կարող են միակողմանիորեն փոխվել Կատարողի կողմից՝ այդ մասին առնվազն երեք օր առաջ սույն պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով Պատվիրատուին։ Փոփոխության մասին ծանուցումը կարող է լինել ինչպես Կատարողի պաշտոնական ինտերնետային հասցեում տեղադրված տեղեկության մասին Պատվիրատուին ծանուցելով, այնպես էլ հենց տեղեկության մասին ուղիղ ծանուցելով։ Պայմանագրի գնի կամ մատուցվող Ծառայությունների շրջանակի հետ կապված Կատարողի միակողմանի փոփոխության մասին ծանուցումից հետո Պատվիրատուն կարող է մինչև փոփոխությունը ուժի մեջ մտնելը ծանուցել Կատարողին Պայմանագիրը լուծելու վերաբերյալ իր մտադրության մասին։ Այդ դեպքում Պայմանագիրը համարվում է լուծված այդ մասին ծանուցումից հետո հաջորդ օրը։
10.3 Կողմերի միջև ծանուցումը համարվում է պատշաճ սույն պայմանագրով սահմանված կանոնների պահպանմամբ ծանուցման դեպքում։
10.4 Կատարողը Պատվիրատուին սույն պայմանագրից բխող հարաբերությունների հետ կապված ծանուցումները իրականացնում է հետևյալ եղանակներից որևէ մեկով կամ մի քանիսով միասին.
10.4.1 Պատվիրատուի հեռախոսահամարին SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով,
10.4.2 Պատվիրատուի էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելու միջոցով,
10.4.3 Պատվիրատուի կողմից շահագործվող ՀԴՄ-ի էկրանին հաղորդագրություն ուղարկելու միջոցով,
10.4.4 Փոստային առաքմամբ։
10.5 Պատվիրատուն Կատարողին սույն պայմանագրից բխող հարաբերությունների հետ կապված ծանուցումները իրականացնում է հետևյալ եղանակներից որևէ մեկով կամ մի քանիսով միասին.
10.5.1 Կատարողի էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելու միջոցով,
10.5.2 Փոստային առաքմամբ։
10.6 Սույն պայմանագրի 10.4 և 10.5 կետերով նախատեսված ծանուցումները համարվում են պատշաճ, այդ ձևով ծանուցումը ուղարկելուց հետո հաջորդ օրը, եթե հեռախոսահամարին SMS հաղորդագրություն ուղարկելու, էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելու կամ Պատվիրատուի կողմից շահագործվող ՀԴՄ-ի էկրանին հաղորդագրություն ուղարկելու ձևով ծանուցումների դեպքում չի եկել հաղորդագրություն այդ ծանուցումները չհասնելու վերաբերյալ։ Փոստային ծանուցման դեպքում կողմը համարվում է պատշաճ ծանուցված համապատասխան անձին հանձնելու օրը։
10.7 Կատարողի պաշտոնական ինտերնետային կայքի հասցե է www.ipos.am, իսկ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն՝ [email protected]։ Պատվիրատուի և Կատարողի պաշտոնական վավերապայմաններ են համարվում սույն պայմանագրի 11-րդ կետում ամրագրված վավերապայմանները և դրանցով ներկայացված բոլոր հաղորդակցությունները, այդ թվում ծանուցումները համարվում են պատշաճ ծանուցում։ Սույն Պայմանագրի 11-րդ կետով նախատեսված որևէ վավերապայմանի կամ սույն Պայմանագրում նախատեսված անհատականացման այլ տվյալի փոփոխության մասին կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է անհապաղ տեղեկացնել մյուս կողմին, հակառակ պարագայում կողմը կարող է հիմք ընդունել առկա վավերապայմանները և տվյալները։
10.8 Կատարողը կարող է ընդունել ներքին իրավական ակտեր Ծառայությունների հետ կապված, որոնք սույն պայմանագրով նախատեսված պատշաճ ծանուցումից հետո դառնան սույն պայմանագրի անբաժանելի մասը։ Այս փոփոխությունը իրականացվելու է Կատարողի կողմից Պայմանագրի միակողմանի փոփոխության վերաբերյալ 10.2 կետով սահմանված կարգով։
10.9 Սույն Պայմանագիրը արտացոլում է Կողմերի լիակատար կամարտահայտությունը և իրենց միջև ձեռք բերված համաձայնությունը, ինչպես նաև չեղյալ է համարում բոլոր տեսակի հայտարարությունները, որոնք մինչև սույն պայմանագրի կնքելը արված են եղել Կողմերի միջև գրավոր կամ բանավոր։